Ամեն առավոտ շանս զբոսանքի եմ տանում ու առաջին բարև, բարի լույսն աղբամանների մեջ օրվա ապրուստը փնտրող տղամարդուն ենք տալիս:
Հետո ծխախոտ ենք վառում, միասին ծխում ու զրուցում դեսից-դենից: Կիրթ, գրագետ մարդ է զրուցակիցս: Անցած օրը փորձեցի ծխախոտի տուփը նվիրել, հրաժարվեց.
- Պետք չի, խանութը բացվի կառնեմ:
- Լավ, գոնե մի երկու հատիկ վերցրու, մինչև խանութը բացվի:
Չմերժեց:
Շունս լուռ հետևում էր մեր զրույցին:
- Չի կծում չէ՞,- հարցրեց մարդը:
- Չէ՛, բարի մարդկանց վրա ո՛չ հաչում է, ո՛չ էլ կծում:
- Ասում են` շան տերը, եթե բարի է, շունն էլ է բարի:
Ծիծաղեցինք:
...Այս առավոտ էլ զբոսանքի էինք:
Մարդը չկար: Շունս աղբամանների մոտ կանգնեց, հոտոտեց, հետո տխուր աչքերով նայեց ինձ ու ասես հասկացրեց՝ ուշացել ենք, գնացել է:
Հետո, հանկարծ ձիգ տվեց կապն ու վազեց դեպի ցայտաղբյուրը;
Ցայտաղբյուրի մոտ մեր ծանոթն էր, շունս ուրախությունից պոչն էր խաղացնում ու նրա տխուր աչքերի մեջ ուրախության փայլ կար:
Շան աչքերը չեն խաբում:
- Տես ի՜նչ եմ գտել,-ուրախ ասաց նա ու ցույց տվեց տիկնիկը,- լվանամ, մաքրեմ, տանեմ թոռնիկիս կտամ, ո՜նց կուրախանա:
- Քանի՞ թոռ ունես,-հարցրի ու զգացի, որ ձայնս խեղդվում է:
- Երկուսը՝ տղա, աղջիկ,- ասաց:
- Աստված պահի,- ասացի ու տեսա կորսված հեքիաթը գտած մարդու և՛ տխրությունը, և՛ ուրախությունը:
Լուռ ծխեցինք:
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ